ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ, ԻՍԿ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԼՈԲԲԻՆ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՓԼՈՒԶՎԵԼ Է

ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ, ԻՍԿ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԼՈԲԲԻՆ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՓԼՈՒԶՎԵԼ Է
19.11.2010 | 00:00

2006 թ. գարնանն ամերիկա-թուրքական հարաբերություններում տեղի ունեցավ երկու առանցքային իրադարձություն. պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի նշանավոր այցը Թուրքիա (ապրիլ) և ամերիկա-թուրքական խորհրդի նիստը (մարտ)։ Ռայսի այցի ընթացքում որոշում ընդունվեց փաստաթուղթ նախապատրաստել «ռազմավարության ընդհանուր հայեցողության մասին»։ 2009 թ. ապրիլի սկզբին նորընտիր նախագահ Բարաք Օբաման այցելեց Թուրքիա, հայտարարելով, որ ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և պատրաստ Է շարունակելու ռազմավարական գործակցությունը նրա հետ։ Այդ քաղաքական իրադարձություններն ունեին ներկայացուցչական բարձր մակարդակ, դրանց ընթացքում քննարկվեցին ամերիկա-թուրքական հարաբերությունների արմատական հարցերը։ Տարբեր գնահատումների համաձայն, պաշտոնապես ԱՄՆ-ին և Թուրքիային հաջողվեց կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերել հարաբերությունների զարգացման հեռանկարների առնչությամբ, բայց իրականում այդ իրադարձությունները միայն սաստկացրին հակասությունները, ի հայտ բերեցին հարաբերությունների խոցելի տեղերը և առաջադրեցին մի ամբողջ շարք հարցեր։ Թուրքիան շարունակում է արտաքին քաղաքական ինքնուրույնության մեծացման կուրսը։ Այդ իրավիճակը բավականին տարօրինակ է, քանի որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան ձգտում են հաղթահարել իրենց հարաբերություններում առաջացած խնդիրները, բայց անգամ այս իրավիճակում մշտապես նոր խնդիրներ են ծագում, որոնք ավելի ու ավելի են համակարգային բնույթ կրում։ Այսինքն, այդ խնդիրներն առաջանում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի քաղաքականության մեջ առկա համակարգային պայմաններից։
Թուրքիայի և թուրքական տարբեր խնդիրների հետազոտությունն ԱՄՆ-ում ունի վաղեմի ավանդույթներ, տարբեր ժամանակ դրանով զբաղվել են ամերիկյան նշանավոր հետազոտողներ ու վերլուծաբաններ։ Ամերիկյան առաջատար հետազոտական հիմնարկներն ունեն կամ թուրքական հետազոտությունների ծրագրեր, կամ Թուրքիային վերաբերող առանձին թեմաներ։ Թուրքական թեմաները կանոնավորապես, տարբեր մոտեցումներով ու կողմերով, քննարկվում են լրատվամիջոցներում, ներկայացուցչական խորհրդաժողովներում, բարձրաշխարհիկ ակումբներում, լույս են տեսնում այդ հարցերին նվիրված գրքեր։ Թուրքական ուղղությունն առաջնայիններից ու բարդերից մեկն է հետախուզական գործունեության ասպարեզում։ Մի քանի տասնամյակ անընդմեջ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի հուսալի գործընկերը, խնդիր չէր ներկայացնում տեղեկություն ստանալու առումով, բայց թուրք հանրությունն ու քաղաքական դասը միշտ էլ անակնկալներ են մատուցել ԱՄՆ-ին։ Թուրքիան միշտ չէ, որ հարմար գործընկեր է եղել ԱՄՆ-ի համար` ուշադրության առնելով քրդական խնդիրը, թուրք-հունական հարաբերությունները, Կիպրոսի խնդիրը, Թուրքիայի հավակնությունները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների նկատմամբ (Սիրիա, Իրաք, Իրան), հայկական հարցը և այլն։ Առավել բարդն ու անհարմարը ԱՄՆ-ի համար Թուրքիայի ու Եվրոպական միության հարաբերություններն են։ Բայց այս բոլոր խնդիրներն ԱՄՆ-ը համարել է միանգամայն տանելի, մինչև 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին նոր, տհաճ միտումներ ի հայտ եկան Թուրքիայի քաղաքականության մեջ և հատկապես ԱՄՆ-ի հանդեպ հասարակական տրամադրություններում։ Չնայած 2003 թ. իրաքյան պատերազմի ժամանակ Թուրքիայի գործընկերության առումով ամերիկացիների ոչ այնքան լավ ակնկալիքներին, սակայն Թուրքիայի հրաժարումը` չորս դիվիզիա դեպի Իրաքի սահման բաց թողնելուց, շոկի մեջ գցեց ամերիկյան հանրությանը և ստիպեց սկզբունքորեն վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները։
Ամերիկյան հետազոտողներն ու վերլուծաբանները դժկամորեն են արտահայտվում ամերիկա-թուրքական խնդիրների առնչությամբ։ Ամերիկացիները նախընտրում են չխոսել իրենց ռազմավարական քաղաքականության հատվածներից մեկի մասին, հատկապես հաշվի առնելով աշխարհառազմավարական դաշնակցի հետ երկարամյա, այնքան սերտ գործակցությունն այդքան խնդրառատ տարածաշրջանում։ Ամերիկյան առաջատար քաղաքագետ Էնթոնի Կորդեսմանի խոսքերով` «շատ բան, որ կարելի է լսել ամերիկացի փորձագետներից Թուրքիայի մասին, ճիշտ է, բայց դա միայն ճշմարտության մի մասն է»։ Այս ձևակերպումը մեծապես արտացոլում է ամերիկյան քաղաքագիտության և վերլուծաբանության մեջ տիրող դրությունը, քանի որ ամերիկյան շատ հետազոտողներ երկար տարիներ սերտորեն կապված են Թուրքիայի, նախ և առաջ թուրքական կառավարության հետ։ Անգամ եթե այդ գործակցությունը մնացել է անցյալում, ամերիկյան հետազոտողները պատասխանատվություն են զգում ոչ միայն նախկին պարտավորությունների համար, այլև այն պատճառով, որ չեն կարողացել անսխալ կանխատեսել այն գործընթացներն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում։
Ամերիկյան (ինչպես և բրիտանական) փորձագետների մեծ մասը չի առարկում իրենց առաջարկված հետևյալ ձևակերպմանը. «Ամերիկա-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամ չկա, այդ հարաբերությունները շարունակում են մնալ կանխատեսելի ու հարթ, բայց առկա խնդիրներն ունեն խորանալու միտում, դրանք արագորեն լուծելու հույսեր չկան, ինչը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ այսուհետ ևս Թուրքիան համարելու հուսալի գործընկեր»։ Դրա հետ մեկտեղ, այդ ձևակերպումն այնքան էլ համարժեք ու ճշգրիտ չէ, ինչը պահանջում է վերծանել այն և խորապես վերլուծել գործընթացները։
Էնթոնի Կորդեսմանի գնահատմամբ, այնպիսի տարածաշրջաններ ներկայացնող փորձագետներին, ինչպիսիք են Կովկասը, Մերձավոր Արևելքը, Բալկանները, Ռուսաստանը, բնորոշ է գերագնահատել Թուրքիայի դերն ամերիկյան քաղաքականության մեջ։ Թուրքիան, իրոք, կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար և շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջատար դաշնակիցը Մերձավոր Արևելքի շրջանում։ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ է կապում Սև և Կասպից ծովերի շրջակա տարածաշրջանների, Մերձավոր Արևելքի մի շարք խնդիրների լուծումը։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում ծագող խնդիրներն առաջնային չեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Փորձագետի կարծիքով, Թուրքիան լավ է ներկայացված առաջատար հաստատությունների ու վերլուծական կենտրոնների ծրագրերում, բավականին հաճախ է հիշատակվում մի շարք տարածաշրջանների ու նախագծերի հետ կապված խնդիրներին առնչվող հրապարակումներում։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, թե ԱՄՆ-ի համար Թուրքիան առանցքային հասցեատեր է։ Էնթոնի Կորդեսմանի կարծիքով, Թուրքիայում ԱՄՆ-ի տնտեսական կապերն ու տնտեսական հարաբերություններն աննշան են։ Այդ տարածաշրջանի էներգահաղորդակցական ուրվապատկերը, ԱՄՆ-ի պլանների համաձայն, ըստ էության, արդեն ավարտված է։ Թուրքիայի հետ կապված նախագծերն ունեն բացարձակ քաղաքական ապահովվածություն։ ԱՄՆ-ի կողմից պլանավորվող միջտարածաշրջանային այլ նախագծեր միջնաժամկետ հեռանկարում չեն նախատեսվում։ Հարաբերությունների առկա մակարդակը լիովին բավարարում է ԱՄՆ-ին, բայց ոչ Թուրքիային, ուստի վերջինից ստացվում են տարբեր կարգի առաջարկություններ ու դժգոհություններ, որոնք ոչ միշտ են ընդունելի ԱՄՆ-ի համար։
Դրան համակարծիք են ամերիկյան մի քանի այլ փորձագետներ։ Դրա հետ մեկտեղ, հարկ է ուշադրության առնել, որ կան ամերիկա-թուրքական հարաբերություններին առնչվող տարբեր գնահատականներ։ Մի շարք առաջատար փորձագետների կարծիքով, թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրներն ավելանում են, և անշուշտ, համակարգային բնույթ են կրում։ Նրանց գնահատումներով, խնդիրներն ահագնացել են վերջին տասնամյակում, և ԱՄՆ-ը չի կարողացել ժամանակին հասկանալ իրադարձությունները, հույսը դնելով իր ավանդական գործընկերոջ` թուրքական գեներալակազմի վրա, որն ինքն էլ է նոր քաղաքական հովերից տուժել։ Թուրքիայում առկա նոր միտումների անտեսումը հանգեցրել է այդ երկրի հանդեպ ամերիկյան քաղաքականության ձախողման, ինչը հանգեցրել է ոչ թե մարտավարական պլանների ինչ-որ ճշգրտման, այլ տարածաշրջանի մի շարք «հենակետային» գործընկերների վերանայման անհրաժեշտության։ Փորձագետների այս խումբը կարծում է, որ եթե անգամ Թուրքիան պահպաներ լոյալությունը ԱՄՆ-ի նկատմամբ, մասնավորապես Իրաքում ռազմական գործողության առումով, միևնույն է, փոփոխություններ կլինեին ամերիկա-թուրքական հարաբերություններում, քանի որ դա պայմանավորված է մերձավորարևելյան այդ տերության, որպես տարածաշրջանային գործընկերոջ, հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության անկման միտումներով։ 90-ականներին Թուրքիան զգաց իր հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության թուլացումը, ինչը զուգադիպեց Անկարայի ահագնացող հավակնություններին։ Փորձագետների մի այլ խումբ, որը ներկայացնում է ոչ միայն նշանավոր հետազոտական ինստիտուտներ ու կենտրոններ, այլև ամերիկյան հանրության ազդեցիկ քաղաքական խմբավորումներ, ավելի լավատեսորեն է նայում ամերիկա-թուրքական հարաբերությունների հեռանկարին։ Նրանց կարծիքով, չնայած այդ հարաբերությունների ձախողմանը, երկու կողմերը ձգտում են կայունացնել դրանք, համալրել նոր բովանդակությամբ և գլխավորը` որոշակի պայմանավորվածության հանգել արտաքին քաղաքականության հարցերի առթիվ խորհրդակցելու և համաձայնության գալու կանոնների շուրջ։ ԱՄՆ-ը և Թուրքիան հասկանում են, որ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի և անհրաժեշտ է նոր հարաբերություններ կառուցել։ Այդ նոր հարաբերությունները պետք է ներառեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքականության տարածաշրջանային ուղղությունները, զինված ուժերի սպառազինումն ու արդիականացումը, գործակցությունն այլ գործընկերների` ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ Թուրքիայի ներքին խնդիրների և անվտանգության ընդհանուր պրոբլեմների շուրջ։ Առանձին փորձագետների կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ առավելագույնս շահագրգռված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը, որը պետք է մի շարք առաջադրանքներ կատարի տարածաշրջանում, ինչը նախատեսում է գործակցություն Թուրքիայի հետ։
Կոնգրեսում Թուրքիան ամենևին ժողովրդականություն չի վայելում, իսկ, այսպես կոչված, թուրքամետ լոբբին, ըստ էության, փլուզվել է։ Ընդ որում, Թուրքիայի շահերի նախկին կատաղի պաշտպանները հիմա բացահայտորեն հակաթուրք դիրք են գրավել։ Հայկական և հունական լոբբիստների խոստովանությամբ, Թուրքիային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Կոնգրեսի որոշման խափանումն ավելի հեշտ է դարձել։ Ինչ վերաբերում է կիպրական խնդրին, ապա ԱՄՆ-ն առանց մեծ առարկությունների ընդունեց Կիպրոսի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը ՄԱԿ-ի ու եվրոպական ընկերակցության վերաբերյալ։ Սովորաբար Կոնգրեսում զգալի իներցիա կա երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող հակաամերիկյան որոշումների առնչությամբ։
Ամերիկյան և բրիտանական քաղաքական գրականության մեջ Թուրքիայի խնդիրներն սկսել են դիտարկվել որպես բավականին սկզբունքային և, որոշակի իմաստով, Թուրքիան ԱՄՆ-ի շահերի ու քաղաքականության հարցում դարձել է Արևելքի Ֆրանսիա, այսինքն, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, վերածվել է մի խոչընդոտի, որին ԱՄՆ-ը միշտ բախվում է։ Հրապարակումները մեծ մասամբ պարունակում են որոշակի դրոշմ, շարունակաբար կրկնվող մտքեր ու հետևություններ, ընդ որում, ամենից հաճախ բացակայում են բովանդակալից խորհուրդներն ու առաջարկությունները։ Փորձագետներից շատերն այդ հարաբերությունների կարգավորման փորձերում տեղի ունեցող իրադարձությունների ու անհաջողությունների առթիվ ափսոսանքի դիրք են բռնում։ Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ հաշտվել է այդ դրության հետ և չի ձգտում նոր, ինքնատիպ որոշումներ ընդունելու և, առավել ևս, սկզբունքորեն նոր նախաձեռնություններով հանդես գալու Մերձավոր Արևելքում կամ Եվրասիայում քաղաքականության ծավալման գործում, որի շրջանակներում Թուրքիան կգտներ իր «պատվավոր» տեղը։
ԱՄՆ-ը, որը տասնամյակներ շարունակ համաթուրքականություն է «բուծել» որպես աշխարհաքաղաքական և քաղաքական-գաղափարախոսական դոկտրին, 90-ականների սկզբին զգալիորեն վերանայեց համաթուրքականության դոկտրինը, ձգելով այն պատկերացնել որպես մշակութային հայեցակարգ։ Մի շարք թուրքական ծրագրերում, որոնք ներառված են ԱՄՆ-ի առաջատար վերլուծական հաստատությունների ու կենտրոնների հետազոտական պլանների մեջ, համաթուրքականությունը ներկայանում է իբրև ինչ-որ միջոցառում, որը միտված է թուրքալեզու երկրների ու ժողովուրդների մշակութային, լեզվական ու սոցիալական խնդիրների լուծմանը։ Ամերիկյան փորձագետները կարծում են, որ համաթուրքականությունը կարող է արդիականացվել և զրկվել քաղաքական, գաղափարախոսական և, առավել ևս, ռասիստական տարրերից։ Սակայն այս փաստարկները ոչ միշտ են համոզիչ։ Եթե Կենտրոնական Ասիայում համաթուրքականությունը, որպես Թուրքիայի աշխարհաքաղաքական և գաղափարախոսական դոկտրին, լիովին ձախողվել է, քանի որ այդ տարածաշրջանի ժողովուրդներն էապես տարբերվում են անատոլիական պատմամշակութային տեսակից, ապա Ադրբեջանում համաթուրքականության դոկտրինն առաջվա նման ժողովրդական է, թեև դրան վերաբերվում են խնամառուական մոտեցմամբ, իսկ ադրբեջանական հասարակության քաղաքական նկարագիրը մեծ մասամբ ընդօրինակում է անատոլիական սոցիալ-մշակութային և քաղաքական տեսակը։ Ամերիկացիներն իրենց քարոզչության մեջ ամեն կերպ ձգտում են խուսափել այդ հասկացության քննարկումից, նույնիսկ հիշատակումից։ Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման առնչությամբ ամերիկյան փորձագետները երկու կարծիքի են։ Մի մասը համարում է, որ կա երկու սպառնալիք, կամ, ինչպես ընդունված է ասել, տհաճ հեռանկար` կապված իսլամի ազդեցության և համաթուրքականության գաղափարների հետ։ Մյուսները համարում են, որ իսլամականությունն ու համաթուրքականությունը մտացածին սպառնալիքներ են, և ադրբեջանական հասարակությունն արդեն միանգամայն որոշակի ընտրություն է կատարել` ամենաարմատական եվրոպականացում, ընդ որում, դուրս նետելով բոլոր ոչ տիպական, ասիական տարրերն ու գծերը, ազգային-մշակութային-կրոնական շատ ավանդույթներ։ Երկու կարծիքն էլ, անշուշտ, ծայրահեղ են, բայց ադրբեջանցիները, իրոք, կզարմացնեն աշխարհն իրենց արմատական եվրոպականացման փորձերով, և իսլամական ու համաթուրքականության գաղափարները միշտ լուսանցքային վիճակում կլինեն։ Թուրքիան էական խնդիրներ չունի Ադրբեջանում և կարիք չունի կիրառելու շինծու համաթուրքական քարոզչություն։ Միաժամանակ Թուրքիան, զգալով, որ համաթուրքական գաղափարներն ԱՄՆ-ը չի ընկալում որպես ընդունելի, կարող է դրանք օգտագործել որպես հակափաստարկ։ Այսպիսով, համաթուրքականությունը «սառեցված» դոկտրին է, որը, սակայն, կարող է հաջողությամբ ակտիվացվել, ինչը կարող է պայքարի միասնական նպատակ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շահագրգռված են Թուրքիայի հետ Ադրբեջանի քաղաքական և ռազմական հարաբերությունների թուլացմամբ, թեև, որոշակի հանգամանքների պարագայում, ԱՄՆ-ը կփորձի թուրքական ազդեցությունը որպես փաստարկ բերել Ռուսաստանի հետ երկխոսելիս։ Ռուս-թուրքական մերձեցումը, որը շատ է անհանգստացնում ԱՄՆ-ին, կարող է հանգեցնել Ադրբեջանում Թուրքիայի գործադրած ռազմական ջանքերի ժամանակավոր պաշտպանության։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու ԱՄՆ-ի ամեն ջանք չի բացառում, ընդհակառակը, հաստատում է ԱՄՆ-ի մտադրությունը` վարելու թուրքական հավակնությունները, հատկապես տարածաշրջաններում, զսպելու քաղաքականություն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ